Տնտեսական տարին առույգ ենք սկսում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարն այս եզրահանգմանն է եկել՝ հաշվի առնելով հունվարի 3-ի խցանումները։ Միևնույն ժամանակ էլ պնդում է, որ ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը տնտեսական առումով արդարացված է։
«Հունվարի 3-ին՝ ժամը 4-ին, հանդիպում ունեի, և այն մարդը, ում պետք է հանդիպեի, 10 րոպե ուշացավ։ Եկավ, ասաց՝ խցանում էր, դրա համար է ուշացել։ Հայաստանում երբեք հունվարի 3-ին խցանում չի եղել»,- նկատեց էկոնոմիկայի նախարարը։
Նրա կարծիքով՝ խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են։ Վահան Քերոբյանի խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին վկայում են ոչ միայն խցանումները։
«Հաճախ եմ շփվում մանրածախ առևտրի կետերի ու խոշոր արդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։ Բոլորն էլ ասում են, որ նախորդ տարիների համեմատ շատ մեծ փոփոխություն են նկատել։ Պետք է սպասենք թվերին, բայց ես կարծում եմ, որ դրանք կգերազանցեն այն թվերը, որ մենք ներկայացրել էինք այդ նախագծի ներկայացման ժամանակ»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը։
Անդրադառնալով երկրում առկա գնաճին՝ տնտեսական ոլորտի պատասխանատուն արձանագրեց, որ դեկտեմբերի գնաճի ցուցանիշը 7.7 տոկոս է, որն ավելի քիչ է, քան նոյեմբերի ցուցանիշը։
Քերոբյանը հավաստիացրեց, որ կառավարության նիստերում ընդգրկվող բոլոր նախագծերն էլ մարդկանց համար են և դրանցից յուրաքանչյուրի արդյունքում այս կամ այն խմբի մարդիկ նախատեսում են, որ պետք է ավելի լավ ապրեն։
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացմանը, ապա նախարարն ասաց, որ ինքը կողմնակից է եղել թուրքական ապրանքների ներկրման արգելքի երկարաձգմանը, սակայն կառավարությունը, լինելով կոլեգիալ մարմին, միասնական այսպիսի որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ կրճատվել էին ամանորյա տոնական և ոչ աշխատանքային օրերը։ Այս տարվանից սկսած` ՀՀ աշխատող քաղաքացիների համար հանգստյան օրեր են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, և հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը:
Իսկ մեկ այլ որոշմամբ էլ հանվել է թուրքական ապրանքների ներկրման արգելքը։