ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած գումարների ծախսման ուղղությունները և պարզել` արդյո՞ք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի և դրանից հետո առաջացած հետևանքների հաղթահարմանը:
Հերթական նիստին հանձնաժողովը հրավիրել էր այդ ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Զարուհի Բաթոյանին, ով պաշտոնավարել է մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Նշված ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է հիմնականում համակարգման աշխատանքներ:
Շուրջ 90.000 արցախցու համար իրականացվել են առողջապահական ծառայությունների ուղղորդումներ, հումանիտար աջակցության ծրագրեր: Նախարարության լծակներով կարգավորվել են նաեւ նրանց կեցության խնդիրները: Բոլոր միջոցառումները գերատեսչությունն իրականացրել է մասնավոր հատվածի և բարեգործական տարբեր կազմակերպությունների միջոցներով. ընդգծել է Զարուհի Բաթոյանն ու հավելել, որ դրանց իրականացման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն չի եղել: Ներկայացնելով մանրամասները` նախկին նախարարը նշել է, որ հիմնադրամի աջակցությունը եղել է հոկտեմբերից սկսած: Միջոցներն ուղղվել են մասնավորապես շտապօգնության մեքենաների ձեռքբերման և առողջապահական հրատապ խնդիրների լուծման համար:
Նախարարությունն ավելի ուշ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացրել է հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ձեռքբերման ծախսերը, ինչպես նաև «Հյուրընկալ ընտանիքներ» ծրագրի շրջանակում գումարներ են տրամադրվել Հայաստանի շահառու ընտանիքներին: