Չնայած Թուրքիայի հետ անմիջական սահման չենք ունեցել, բայց 30 տարի է՝ այդ երկրի հետ առևտուր ենք անում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Թեև չենք ունեցել սահման, Վրաստանի միջոցով է ապրանքաշրջանառությունը տեղի ունեցել, բայց Թուրքիայի հետ ունեցել ենք առևտուր, որը եղել է Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկը, այս առումով խնդիր չենք տեսել: Եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, ուրեմն ընդհանրապես բոլոր երկրների միջև պետք է առևտուրը փակենք։ Չեմ կարծում, որ մեզ թուրքական էքսպանսիա սպասում է»,- համոզմունք հայտնեց իշխանական պատգամավորը և հավաստիացրեց, որ նման վտանգի դեպքում կանխարգելիչ քայլեր պետք է արվեն։
«Եթե մենք գտնում ենք, որ հասարակության մեծամասնությունը մտավախություն ունի և չի ցանկանում թուրքական ապրանքները հայկական ապրանքների շուկան գրավեն, ուրեմն հասարակությունը պետք է բոյկոտի, եթե հասարակությունը գնում է այդ ապրանքները՝ իմանալով, որ թուրքական է, նշանակում է, որ այդ մտավախությունը գերազանցված է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է, և նույնիսկ սահմանների բաց լինելու դեպքում, ԵԱՏՄ-ն ունի իր ներքին շուկան պաշտպանելու որոշակի մեխանիզմներ, մաքսատուրքեր, քվոտաներ:
«Պաշտպանական մեխանիզմները կան, հիմա ավելի շատ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե մենք որ ուղղություններով կարող ենք մրցունակ լինել»,- եզրափակեց պատգամավորը։