Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ շատ հուսալի են տեղեկությունները, որ գազի սակագնի վերաբերյալ կարող ենք հասնել պայմանավորվածության, որ սահմանին կապույտի վառելիքի արժեքը 10 տարով չբարձրանա։
Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ դա ֆանտաստիկ հնարավորթյուն է տնտեսության համար։
Անդրադառնալով փետրվորի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացումներին՝ Գևորգ Պապոյանն ասաց, որ փորձել են, այսպես ասած, փափուկ լուծում գտնել անապահով խավի համար։
«Մինչև 100 ԿՎՏ էլեկտրաէներգիա օգտագործողների համար արժեքն աննշան է բարձրանալու։ Թանկացումը կազմելու 1-1,5 դրամ, իսկ 100 դրամի մեջ դա չի զգացվելու։ Ավելի մեծ սպառում ունեցող քաղաքացիների համար պետք է այս բարձրացումն ավելի հեշտ տանելի լինի։ Թանկացումներն արվում է համակարգի կայունությունը պահպանելու համար, որպեսզի չլինեն հովհարային անջատումներ, որպեսզի նաև համապատասխան ներդրումներ իրականացվեն։ Այս համատեքստում, իհարկե, կառավարությունը նաև համապատասխան քայլեր կիրականացնի»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ տարին հուսադրող է, տնտեսական լավ տեմպ ենք հավաքել, որը հնարավորություն կտա աշխատավարձերի և թոշակների որոշակի չափով բարձրացում ակնկալել։
Ըստ ՔՊ պատգամավորի՝ այս ամենը հնարավորություն կտա, որ մեր քաղաքացիները ենթադրաբար ավելի լավ ապրեն։