Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Այս մասին կառավարության հունվարի 27-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակը հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումն է, աշխատանքներ են իրականացվելու 5-6 ուղղություններով:
Ներկայացնելով քննարկվող հարցի մանրամասները՝ նախարարն ասաց, որ նախատեսվում է պետական ու համայնքնային պատկանելիության մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել։ Այն, ըստ նախատեսվածի, կբերի 50 տոկոս խնայողության, այսինքն՝ առնվազն տարեկան 3000 մեգավատտ/ժամ էներգիայի խնայողության ու տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցման։
Նման ծրագիր մեկ փուլով իրականացվել է, և կան բավական լավ արդյունքներ։ Հիմնարկներին հնարավորություն է տրվելու մոտ 8 տարում մարել ծախսերը, քանի որ այս ծրագրով հնարավոր է ստեղծել շրջանառու ֆոնդ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2 տարում, սակայն ժամկետների մեջ չտեղավորվելու պարագայում այն կերկարացվի։