Մենք առաջին անգամ չէ, որ դժվար ժամանակներ ենք ապրում և լավ գիտենք, որ ցանկացած ճգնաժամ ավարտվում է՝ իր տեղը զիջելով նոր հեռանկարներին։ Այս մասին ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձում։
Կարապետյանը նշում է, որ միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգում է բոլորին և կոչ է անում լինել հնարավորինս համախմբված, հանգստություն պահպանել և շարունակել ընթանալ դեպի հետագա զարգացում և նոր հնարավորություններ ստեղծել մատաղ սերնդի համար։
«Պատմությունը ցույց է տալիս, որ դժվար ժամանակները մեզ մաքրում են հնացած մոդելներից ու բիզնես վարելու եղանակներից, թույլ են տալիս տեսնել նոր լուծումներ ու ուղիներ»,- ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի ուղերձում։
Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի գործարարները կկարողանան ճիշտ հավասարակշռություն գտնել ստեղծված իրավիճակում և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ավելի սերտ համագործակցության համար։
«Մենք արագ կարձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տնտեսությունում, աջակցություն կցուցաբերենք բիզնեսին և կշարունակենք ամրապնդել մեր գործարար կապերը»,- ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։