Visa և MasterCard վճարային համակարգերը հայտարարել են Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին: Ռուսաստանում թողարկված քարտերը չեն աշխատի նաև արտերկրում:
Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ընկերությունների հայտարարությունները: Նշվում է, որ ընկերություններն իրենց որոշումը բացատրել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությամբ:
«Մենք ցավում ենք, որ դա կազդի մեր արժեքավոր գործընկերների, հաճախորդների, գործընկերների, առևտրականների և քարտապանների վրա, որոնց մենք սպասարկում ենք Ռուսաստանում»,— ասված է Visa ընկերության հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ ռուսական բանկերի MasterCard և Visa քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանում, սակայն նման քարտերը չեն աշխատի երկրից դուրս:
«Сбербанк»-ը նաև նշել է, որ միջազգային վճարային համակարգերի որոշումը չի ազդի երկրի ներսում քարտերի աշխատանքի վրա:
«Նրանց համար հնարավոր կլինի Ռուսաստանի տարածքում գործարքներ կատարել՝ կանխիկացնել, փոխանցումներ կատարել քարտի համարով, վճարել ինչպես օֆլայն տարբերակով՝ խանութներում, այնպես էլ քարտերն օգտագործել ռուսական ինտերնետ խանութներում գնումներ կատարելիս»,-ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Բանկը դա բացատրում է նրանով, որ Ռուսաստանում բոլոր վճարումները անցնում են ներքին NSSC համակարգի միջոցով և այդ առումով օտարերկրյա վճարային համակարգերից կախված չեն: Այս առումով բանկն արտերկրում գտնվող ռուսներին խորհուրդ է տվել կանխիկացնել քարտերում առկա գումարները:
«Ալֆա» բանկը ենթադրում է, որ առնվազն երեք օր բոլոր քարտերը կաշխատեն, գնումներ կարող են կատարվել ամբողջ աշխարհում:
Մարտի 1-ին MasterCard-ը հայտնել Է պատժամիջոցների պատճառով մի շարք ֆինանսական հաստատությունների մուտքը արգելափակելու մասին:
ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան և այլ երկրներ ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի դեմ՝ի պատասխան Ուկրաինայում ռազմական գործողության: Դրանք ներառում են սահմանափակումներ խոշոր ռուսական բանկերի, ինչպես նաև ՌԴ կենտրոնական բանկի նկատմամբ: