Փետրվարի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 85.7 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.6%-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 39.4 %-ը կամ 33.7 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33.4 հազ. մարդու փոխարեն։
Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչությունից։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.3 %-ը, կամ 57.7 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,1 %-ը, կամ 37.0 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.4 %-ը կամ 10.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3 % կամ 2.5 հազ. մարդ:
Վիճակագրության համաձայն՝ ըստ կրթական կազմի բաշխվածության բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում են գործազուրկների թվի 12.9%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.0%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.0%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.4 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.7 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 65.1 % -ը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 27.0 %-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 46.7 %-ը, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 26.3 %-ը։