ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պահանջից։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանում աշխատող ԵԱՏՄ քաղաքացիները պետք է ձեռք բերեն հանրային ծառայությունների համարանիշ և գրանցվեն Workpermit հարթակում՝ վերբեռնելով աշխատանքային պայմանագիրը։
Անհրաժեշտ է.
1. Մուտք գործել workpermit.am/am կայք։
2. Սեղմել բացված պատուհանի վերևի աջ անկյունում առկա «Գրանցում» հղման վրա։
3. Բացված պատուհանում ընտրել «ԵԱՏՄ քաղաքացի» ներդիրը՝ սեղմելով «ԵԱՏՄ քաղաքացի» գրառման վրա։
4. Լրացնել բացված ձևում առկա դաշտերը և հաստատել։
Տեղեկացնում են նաև, որ Հայաստանում Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է այցելել տարածքային անձնագրային բաժանմունք։ Խորհուրդ է տրվում միաժամանակ իրականացնել նաև բնակության վայրում հաշվառումը հետագա գործընթացների հարթ կազմակերպման նպատակով։
ԵԱՏՄ անդամ պետության այն քաղաքացիները, որոնք Հարթակում ունեն ակտիվ օգտահաշիվ, կարող են իրենց հետ ՀՀ ժամանած ընտանիքի անդամներին (ծնողներ, կին, ամուսին, երեխաներ) հաշվառել Հարթակի իրենց օգտահաշվում։
Ե՛վ ԵԱՏՄ քաղաքացուն, և՛ նրա ընտանիքի անդամին տրամադրվող տեղեկանքը տրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, եթե պայմանագիրը կնքված է անժամկետ, տեղեկանքը տրվում է մեկ տարի վավերականության ժամկետով։