Հայկական կողմը մտահոգ է ՌԴ-ում ստեղծված տնտեսական իրավիճակով և խնդիրներով։ Մեր երկրում ՌԴ-ից բիզնես բերելու քաղաքականություն դրված չէ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Մեր երկրում կա բաց տնտեսական միջավայր ունենալու քաղաքականություն, ինչպես Բելգիայից, ՌԴ-ից, այնպես էլ ԱՄՆ-ից բիզնես ներդրումների համար։ Մենք ողջունում ենք, երբ գործարարները գալիս են և ներդրումներ են բերում մեր երկիր, դա եղել է նախկինում և այդպես էլ շարունակվելու է։ Մեր քաղաքականությունը մշտապես եղել է ներգրավվող, եղել է լավ պայման առաջարկել բիզնեսին, որպեսզի բիզնես գա Հայաստան։ Մենք հիմա որևէ գործողություն չենք անում, որն է՛լ ավելի կվատացնի մեր գործընկերոջ վիճակը»,- արձանագրեց պատգամավորը։
Անդրադառնալով ոուբլու արժեզրկմանը՝ Գևորգ Պապոյանը մատնանշեց, որ ՀՀ քաղաքացիներին դա առանձնապես չպետք է մտահոգի։
«Մեր հասարակությունը շատ դոլարիցազված է։ Օրինակ՝ ինչու ինձ պետք է հետաքրքրի ռուբլու փոխարժեքը, քանի որ, ես, որպես ՀՀ քաղաքացի, իմ աշխատավարձը ստանում եմ դրամով։ Եթե այդպես մտածեն մեր քաղաքացիները, այդ վայրիվերումներն էլ տեղի չեն ունենա, արհեսական կախվածությունն էլ շատ մեծ ազդեցություն չի ունենա»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ մեր հայրենակիցների մեծ մասը ՌԴ արտագնա աշխատանքի միջոցով է ընտանիք պահում, իշխանական պատգամավորն ընդգծեց, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի խոպանչիները մեր երկրում աշխատանք գտնեն։
Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցրեց, որ հացահատիկի խնդիր չի առաջանա և գյուղացիներին հորդորեց ոչ մի մետր հող անմշակ չթողնել՝ հիշեցնելով, որ պետությունը սուբսիդավորում է պարարտանյութի արժեքը։