ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի շուկայում առկա գների անկմանը հաջորդած բարձրացումը ոչ թե գնաճ, այլ գների կայունացում է համարում։
Նշենք, որ վերջին շրջանում ձվի շուկայում գնանկում էր արձանագրվել, իսկ այս փուլում աստիճանաբար արդեն նախկին գներին ենք ականատես լինում։
«Այն, ինչ տեսնում եք շուկայում, նշանակում է, որ ինքնարժեքից ցածր գները հիմա կայունանում են։ Հաշվի առնենք նաև մարժան, որն օգտագործում է իրացման ցանցը։ Այսինքն, մենք այն ժամանակ վնասով էինք աշխատում, բայց ձուն վաճառվում էր ու իրացման ցանցն օգուտով էր աշխատում։ Հիմա գինը կայունացրել ենք, որ վնասով չախատենք, բայց իրացման ցանցն էլի իր հին մարժայով է աշխատում, և իր եկամուտը պահպանում է՝ անկախ նրանից, որ գերարտադրություն էր եղել, գնի նվազում էր եղել»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Անդրադառնալով ձվի արտահանմանը՝ նա նշեց, որ շատ քիչ քանակով է այն իրականացվել։ Նա նշեց, որ խոսքը հունվար ամսվա մասին է․ «Սպասում էինք, որ կառավարությունը միգուցե օգնի, սուբսիդավորի արտահանման լոգիստիկ ծախսերը, բայց հետո ճանապարհները փակվեցին։ Ու մենք ընդամենը 6-8 ֆուռ ենք արտահանել Ռուսաստան։ Պահանջարկ կար նաև Ղազախստանում, բայց քանի որ ճանապարհները փակ էին ու ռիսկերը մեծ՝ չուղարկեցինք»։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո առկա իրավիճակին՝ մասնավորապես Հայաստանից ՌԴ ձվի արտահանման խնդիրներին՝ Սարգիս Ստեփանյանը շեշտեց․ «Արտահանում չենք անում։ Ինչու, որովհետև թե՛ ՌԴ-ն, թե՛ Ուկրաինան մեզ ո՛չ թռչնամիս են տալիս, ո՛չ էլ համակցված կեր, իրենք իրենց պահուստներն են ապահովում։ Թռչնաբույծների մոտ հիմա թռչունների կերերի քանակի խնդիր է առաջացել, որը մեզ խիստ անհանգստացնում է։ Ճանապարհներն էլ փակ են, իսկ մեքենաները, որոնք ներկրմամբ են զբաղվում, արդեն 15-20 օր է՝ բարձված ու կանգնած են Լարսում»։
Նրա խոսքով՝ շուկան ունի նաև խնդիրներ, որոնք մշտական են։
«Խոսքը ռազմավարական նշանակության խնդիրների մասին է։ Երկիրն արդեն 2-րդ, 3-րդ անգամն է ձվի գերարտադրություն ունենում։ Մտածում ենք կառավարության միջոցով կամ համատեղ ձվի վերամշակման արտադրություն ստեղծել, որ թե՛ խոշոր, թե՛ մանր ու փոքր տնտեսությունները վնասներ չկրեն գերարտադրությունից։ Երկրորդ հիմնական խնդիրն այն է, որ հանրապետությունում տոհմային տնտեսություն չկա։ Մենք մեկ օրական ճտի ամբողջ գլխաքանակը կամ ինկուբացիոն ձուն Ռուսաստանից էինք ներկրում»,- ասաց նա՝ շեշտելով, որ այս առումով ևս խնդիրներ են լինելու՝ հաշվի առնելով վերոնշյալ իրավիճակը։