Խորհրդարանը քննարկում է է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 միլիոն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել:
Հարցի զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ:
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները։
Բացի այդ, նախագծով պարզեցվում է մաքսային ձևակերպումների գործընթացը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչպես են լուծվում ռուբլու արժեզրկման հետ կապված արտահանման ոլորտում առաջացած ռիսկերը։
Վահան Քերոբյանն արձագանքեց, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Նա տեղեկացրեց, որ շուտով հայ արտահանողները կկարողանան դրամով ապրանքը վաճառել ռուս գործընկերներին։
«Այսօր Հայաստանի ԿԲ-ն, ՌԴ մեր գործընկեր նախարարությունները և ԿԲ-ն միասին աշխատում են, որ կարողանանք ռուբլի-դրամ սվոփ կնքել, որի արդյունքում Հայաստանի արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքները ռուս գործընկերների մոտ, և ապրանքը վաճառել դրամով, որը մեզ համար ավելի հասկանալի արժույթ է: Դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ որոշ որոշումներ ուժի մեջ կմտնեն»,- ասաց նախարարը: