Այս տարվա փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների կողմից Հայաստանում բացվել է 20 860 բանկային հաշիվ։ Լուրերի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի կենտրոնական բանկից:
Հարյուրավոր նոր ընկերություններ բացելուց և զբոսաշրջային ոլորտն ակտիվացնելուց զատ, սա, ըստ էության, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեկ ամսվա կտրվածքով հերթական ազդեցությունն է Հայաստանի տնտեսության, տվյալ դեպքում՝ բանկային համակարգի վրա:
«Դա բավականին մեծ թիվ է, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ հաշիվները բացվել են ոչ բոլոր դիմողների համար, որովհետև բանկերը հաշիվ բացելու համար ունեն որոշակի սահմանափակումներ, որոնք կոչվում են QWC՝ ճանաչիր քո հաճախորդին: Եվ հիմնականում բաց են արվել հաշիվներ այն աշխատանքային միգրանտների համար, այն մարդկանց, որոնք աշխատավարձ կստանան ՀՀ-ում, և այն մարդկանց համար, որոնք իրենց խնայողությունները տաք գոտիներից տեղափոխել են Հայաստան՝ հետագայում, ինչու չէ, ներդրում կատարելու նպատակով»,- ասել է Բանկային կառավարման դպրոցի հիմնադիր, Տաջիկստանի «Էսխատա» բանկի խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը։
Ըստ Օսիպյանի՝ Հայաստանը կարող է դառնալ երկիր, որը հետաքրքիր է իր ապահովությամբ, որը հետաքրքիր է իր բիզնես կլիմայով, իր օրենսդրական դաշտով, իր տեղադիրքով, և մենք այստեղ էդ առումով շատ անելիքներ ունենք, որ կարողանանք խրախուսենք, էդ բացված հաշիվները դառնան ներդրումներ, բացված հաշիվները պասիվ ներդրումից դառնան ակտիվ և կարողանան օգուտ տալ մեր տնտեսությանը: