Ռուսաստանը գյուղմթերք և պարենամթերք կմատակարարի միայն իր բարեկամներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Հնդկաստանի և Չինաստանի հետ միասին հացահատիկային ապրանքների խոշորագույն արտադրողն է, իսկ վերջին տարիներին՝ ցորենի ամենամեծ արտահանողը։
«Այնպես եղավ, որ շատ երկրների պարենային անվտանգությունը կախված է մեր մատակարարումներից։ Պարզվում է՝ մեր ուտելիքը մեր լուռ զենքն է։ Իսկ եթե որևէ մեկը չգիտի կամ մոռացել է, ապա մեր գյուղմթերքի արտահանումը գերազանցում է իրական զենքի արտահանումը` այն անցյալ տարի կազմել է ավելի քան 37 միլիարդ դոլար»,- գրել է ԱԽ փոխնախագահը։
Հաշվի առնելով Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված ամբողջական պատժամիջոցները, Մեդվեդևը մի քանի պարզ, բայց կարևոր կետեր է ներկայացրել Ռուսաստանի պարենային անվտանգության վերաբերյալ:
«Մոսկվան սննդամթերք և բերք կմատակարարի միայն մեր ընկերներին։ Բարեբախտաբար, մենք նրանցից շատ ունենք, և նրանք ընդհանրապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չեն: Մենք կվաճառենք և՛ ռուբլով, և՛ նրանց ազգային արժույթով համաձայնեցված համամասնությամբ։ Մենք մեր ապրանքն ու գյուղմթերքը չենք մատակարարելու մեր թշնամիներին։ Եվ մենք նրանցից ոչինչ չենք գնի»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։