Ղրիմի ձեռնարկությունները հայ գործարարների հետ պայմանավորվել են էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի, էլեկտրական եռակցման սարքավորումների և այլ ապրանքների ու ծառայությունների մատակարարման շուրջ։
Ղրիմի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղրիմի Նախարարների խորհրդի փոխնախագահ Իրինա Կիվիկոն։
Նրա խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրիմից էլեկտրական եռակցման և այլ էլեկտրասարքավորումների մատակարարման, էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի, «Մետաքսի մեծ ճանապարհ» շրջագայության մասին։
Ղրիմի օրերի շրջանակներում ապրիլի 4-8-ը Հայաստան կատարած այցի ընթացքում Ղրիմի և Հայաստանի տուրիստական ընկերությունների և հյուրանոցների միջև ստորագրվել է հինգ պայմանագիր։ Արդեն այս սեզոնին Հայաստանից զբոսաշրջիկները կարող են գալ Ղրիմ՝ հանգստանալու և բուժվելու։ Հայաստանից նաև գործարարներ կմասնակցեն «Արտահանման ժամանակը» միջազգային ֆորումին, որը կանցկացվի այս տարվա մայիսի 12-13-ին Ալուշտա քաղաքում։