Ուկրաինայում ռազմական գործողությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, հավանաբար, զգալիորեն բացասական կլինի, թեև այդ ազդեցության մասշտաբները մնում են անորոշ։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի զեկուցյում, որը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությանը:
Նշվում է, որ Հայաստանը ամուր տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ, որին միջինը 2018-2021 թվականներին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 28% – ը և ներմուծման 30% – ը: ՌԴ-ն Հայաստանի ցորենի և գազի ողջ ներկրման աղբյուրն է։ 2021 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի 5 %-ը, ՕՈՒՆ-ի զուտ ծավալի 41 %-ը կապված է եղել ռուս իրավաբանական անձանց հետ, իսկ ռուս զբոսաշրջիկները կազմել են հանրապետություն այցելած բոլոր զբոսաշրջիկների 40 %-ը:
Զեկույցում ասվում է, որ Հայաստանի տնտեսության 2022 թվականի աճի կանխատեսումը նախապատերազմական 5,3 %-ից իջեցվել է մինչև 1,2 %՝ հաշվի առնելով դրամական փոխանցումների ավելի ցածր մակարդակի և իրական աշխատավարձի սպառման վրա ազդեցությունը, ներդրումների վրա ազդող անորոշությունը, ինչպես նաև արտահանման կրճատումը Ռուսաստանում տնտեսության կանխատեսվող կրճատման և գլոբալ և տարածաշրջանային աճի դանդաղեցման պատճառով:
ՀԲ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2022 թվականին կարող է հասնել բնակչության 39,6% – ի շեմին, ինչը 3 %-ային կետով ավելացում է պատերազմի բացակայության սցենարի համեմատ: Նշվում է, որ խոցելիությունը կարող է աճել դրամական փոխանցումների կրճատման, կոմունալ ծառայությունների հաշիվների ավելացման և պարենի գների բարձրացման պատճառով:
Զեկույցում նշվում է, որ հանրապետության տնտեսության վերաբերյալ կանխատեսումն անորոշ է՝ հաշվի առնելով փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրավիճակը։
«Ռիսկերը ներառում են Ուկրաինայի ձգձգված հակամարտությունը, Ռուսաստանում շարունակվող զգալի անկումը, համաշխարհային ապրանքային շուկաներում հետագա խափանումները և Հայաստանի սահմանների շուրջ դեռևս չլուծված աշխարհաքաղաքական խնդիրները: Մյուս կողմից, Ռուսաստանի քաղաքացիների հոսքը, եթե այն պահպանվի, կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա», – ասվում է զեկույցում։