Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկությամբ՝ հայկական կողմը ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել: «Որքանով ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով», – ասել է նա РБК-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով:
«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս վճարել ռուբլով և այդ հնարավորությունն օգտագործվում է», — РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
«Գազպրոմը» Հայաստան բնական գազի միակ մատակարարն է: Հայաստանի գազատրանսպորտային ցանցի օպերատոր «Գազպրոմ Արմենիա» – ն «Գազպրոմի» «դուստր» կազմակերպությունն է: Հայաստանի համար ռուսական գազի գինը կազմում է 165 դոլար` հազար խմ-ի համար: 2021 թվականին Հայաստանը Ռուսաստանից գնել է 414 մլն դոլարի գազ և 270 մլն դոլարի նավթամթերք:
Մարտի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանում էր, որ ռուսական գազն այժմ պետք է վաճառվի ռուբլիով: Բայց դա վերաբերում է միայն «ոչ բարեկամական երկրներին»՝ առաջին հերթին Եվրամիության անդամներին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության:
Հայաստանը չի միացել այդ պատժամիջոցներին։ Մարտի 23-ին Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում գազի դիմաց ռուբլով հաշվարկների շուրջ:
Քերոբյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ «կա ըմբռնում», որ «պետք է շարժվել դեպի ԵՏՄ անդամների «ազգային արժույթներ» և «ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ»: «Վճարման հնարավոր եղանակներից պետք չէ բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի վճարումներ ազգային արժույթներով», – հավելել է նա: