Կառավարությունն ընդունեց բնակարանների ռենովացիայի ծրագիրը։ Այս մասին որոշում կայացվեց այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում։
Ծրագրի էությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, հետևյալն է․ նախ՝ շատ խորհրդային շինություններ կան, որոնք լքված տարածքի կարգավիճակ ունեն այժմ, հաջորդը՝ վերջերս կտրուկ մեծացել է բնակարանների վարձակալության պահանջը, անորոշություն է առաջացել նաև արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ։
Կառավարությունը, Փաշինյանի խոսքով, որոշել է գործարկել մեխանիզմ, որով սուբսիդավորվող վարկերի միջոցով ռենովացիայի կենթարկի բնակարանները՝ ծախսերի 30 տոկոսն օգտագործելով էներգախնայողության վրա։
Ինչ վերաբերում է հնարավոր արդյունքներին, ապա Փաշինյանը բացատրեց, որ նախ՝ ծրագրի շնորհիվ քաղաքացին ավելի քիչ կոմունալ վճարումներ կանի, ապա հնարավորություն կունենա մեծ բնակարանների չօգտագործվող մասն օգտագործել, օրինակ՝ նոր մուտք բացել, նոր բակ ստեղծել, դա էլ իր հերթին հնարավորություն կտա խթանել տուրիզմը՝ վարձով տալ բնակարանի տվյալ մասը, այսինքն՝ առաջարկ ձևավորել։
«Ակնկալում ենք նաև, որ այս ծրագրի շրջանակում արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող մեր հայրենակիցների համար պոտենցիալ աշխատատեղեր ենք ստեղծում»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության դերն այս նախագծի մեջ այն է, որ սուբսիդավորում է 14 տոկոս վարկը՝ վճարելով քաղաքացիների փոխարեն։ Ընդ որում՝ սահմանամերձ գյուղում վարկ տրվում է 0 տոկոսով, մյուս համայնքներին բաժին է ընկնում 2 տոկոս, քաղաքային բնակավայրերում՝ 3 տոկոս, իսկ մայրաքաղաքում՝ 5 տոկոս վճարում, համապատասխանաբար պետությունը կվճարի 14, 12, 11 և 9 տոկոսը։
Ինչպես իր հերթին նշեց ծրագիրը ներկայացնող քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ սահմանամերձ համայնքում 7 միլիոն վարկ վերցրած բնակիչը պետությունից կստանա այն հավելյալ 4 միլիոն դրամը, որը հավելյալ պետք է վճարեր մինչև վարկի մարումը։