Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Անդրադառնալով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պարարտանյութ՝ 50 տոկոսը գյուղատնտեսական նշանակության։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր․ գործընթացը շարունակվում է։