Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն, պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Կալենջյանը կարծում է, որ անցած շաբաթ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունը լավ հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցության համար:
Armenia Today – ի հետ զրույցում նա նշել է, որ «պատմականորեն Հայաստանի տնտեսությունը խիստ ինտեգրված էր ԽՍՀՄ տնտեսության մեջ, և, ամենայն հավանականությամբ, ամենից շատ, հենց Հայաստանն էր տուժել մեծ երկրի՝ Խորհրդային Միության փլուզումից, քանի որ նրա արդյունաբերությունն ուղղված էր հենց Ռուսաստանին»:
«Եվ հիմա, երբ հնարավորություն կա վերականգնել, վերակենդանացնել Հայաստանի արդյունաբերական առաջատար ընկերություններին և կապել դրանք Ռուսաստանի արդյունաբերության հետ, ապա դա, իհարկե, մեծ դրական քայլ է և լավ հեռանկար՝ փոխշահավետ համագործակցության համար։ Բայց դա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն «խաղաղ» արդյունաբերության, այլ նաև ռազմարդյունաբերական համալիրի համար, որովհետև խորհրդային տարիներին Հայաստանը եղել է նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար ապրանքների զգալի մատակարար», – հայտարարեց տնտեսագետը։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը հսկայական հեռանկարներ է բացում Հայաստանի համար, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացման համար։ Նա կարծում է, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում հողերի կեսը չի մշակվում, և Արարատյան դաշտի ոսկու պաշարները սպասում են ներդրողներին։
Նրա կարծիքով՝ մեծ հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՏ բիզնեսի և թվայնացման ոլորտներում։
Կալենջյանը կարծում է, որ մեծ ներուժ կա ոսկերչական արդյունաբերության բիզնեսի զարգացման համար։ Այստեղ կարելի է վերակենդանացնել «հին լավ կապերն ու հնարավորությունները»։
Պրոֆեսորը վստահ է, որ այդ փաստաթղթի ստորագրումը լավ ապագա է ենթադրում նաև շինարարական համալիրի ոլորտի համար:
«Կարծում եմ, որ Հայաստանում պետք է տեղի ունենա շինարարական բում, ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Էջմիածնում, Գորիսում», – նշել է Կալենջյանը։
Հարցին, թե ինչ կտա տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումը Հայաստանի տնտեսությանը, տնտեսագետը նշեց, որ այստեղ լուծվում է ռազմավարական խնդիր, քանի որ առանց լոգիստիկայի, տրանսպորտային մայրուղիների, առաջին հերթին երկաթուղային տրանսպորտի, շատ տնտեսական խնդիրներ շատ – շատ դժվար է լուծել:
Նրա խոսքով՝ հայկական երկաթուղիները «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մաս են կազմում, որը վերջին շրջանում բազմաթիվ ներդրումներ է կատարել՝ թարմացնելով տրանսպորտային պարկը։ Մեծ հավանականությամբ, «Ռուսական երկաթուղիները» զգալի ներդրում կունենա մայրուղիների վերանորոգման և ապաշրջափակման կոնկրետ աշխատանքում: Եթե Հայաստանի տարածքով ճանապարհներ աշխատեն՝ դեպի Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Վրաստան-Աբխազիա ուղղությամբ, ապա ամբողջ Անդրկովկասը կդառնա լոգիստիկ հանգույց, ինչը հեռանկարներ կստեղծի Անդրկովկասյան բոլոր հանրապետությունների զարգացման համար։
Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Կալենջյանն ասել է, որ այստեղ կան ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ով և ինչպես է կառավարում տնտեսությունը և զբաղվում տնտեսական բարդ խնդիրների լուծմամբ», – հավելել է նա:
«Գիտեմ մտավախությունները, որոնք կան Հայաստանում, և դրանք օբյեկտիվ են՝ երկրի տնտեսությունը կարող է ավելի մեծ չափով տուժել սահմանի բացման արդյունքում։ Բայց մյուս կողմից հնարավոր չէ անընդհատ փակ վիճակում լինել՝ պետք է բացել, մրցակցել, ներդրումներ ներգրավել, զարգանալ», – նշեց տնտեսագետը։
Նա միանգամայն հնարավոր է համարում Ռուսաստանից և այլ երկրներից հաջողակ գործարարների վերադարձը Հայաստան։ «Եթե նրանք ստեղծեն առաջատար ընկերություններ, ապա, համապատասխանաբար, Հայաստանի համար կստեղծեն մրցակցային միջավայր և տնտեսությունը կպատրաստեն սահմանների բացմանը։ Ապրանքների մատակարարման նոր լոգիստիկ շղթաների կառուցման, ինչպես նաև տեղական ունակ կադրերի առկայության դեպքում լուրջ տնտեսական աճի հեռանկարներ կհայտնվեն», – ընդգծել է Կալենջյանը։