2022թ. մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4%: Ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0%: Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Ննշվում է, որ այս հանգամանքը բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացումների վրա:
«Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի: 2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԿԲ-ն կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։
ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը հայտնել է, որ օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից բացված հաշիվների քանակը կազմում է շուրջ 16 հազար: Նրա խոսքով՝ մարտի համեմատ այդ ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։
Մանրամասները՝ ԿԲ նախագահի ասուլիսում։