Կառավարությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 4 միլիարդ 750 միլիոն դրամ գումար, որը կուղղվի ճանապարհային շինարարության, նախագծման, փորձաքննական ծառայությունների, տեխնիկական և հեղինակային հսկողության համար։ Որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 13-ի նիստում։
Ինչպես նիստի ժամանակ ասաց ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ օբյեկտներից 7-ը փոխանցիկ են՝ այսինքն՝ ավարտական փուլում են, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը նախագծման աշխատանքներ են, և 43-ը` փորձաքննական ծառայության ենթակա աշխատանքներ։
Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց՝ ավարտական փուլում գտնվող օբյեկտներից մեկը Մ2 ավտոճանապարհին գտնվող Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքն է։ Մյուս ճանապարհը 16,9 կմ երկարությամբ Սարավան-Սարալանջ հատվածի հիմնանորոգումն է։ Երրորդ ճանապարհը Սյունիքի մարզի Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13,1 կմ հատվածի, իսկ մյուսները Գեղարքունիքում Մարտունի-Աստղաձոր 5,9 կմ հատվածի, Վայոց ձորում Գետափի պաշտպանիչ հենապատի, Արմավիրի մարզում Ալաշկերտի 1 կմանոց հատվածի, Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգումը։
Մանրամասները՝ տեսանյութում։