Իրանը պատրաստ է թուրքմենական գազ մատակարարել Հայաստանին սվոփ պայմանագրով։ Այդ մասին Shana լրատվականին տված հարցազրույցում ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին՝ ներկայացնելով Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման արդյունքները։
«Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, և մոտ ապագայում մենք լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ»,- ասաց նա։
Իրանի նավթի նախարարն ասել է, որ Գնել Սանոսյանի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի, նավթաքիմիական ապրանքների արտահանման ծավալների ավելացման, երկկողմ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ։
Ջավադ Օջին Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը հայտնել է նաև Իրանի գազի ազգային ընկերության պատրաստակամությունը՝ ավելացնելու Հայաստան մատակարարվող գազի ծավալները։
Նշենք, որ 2004 թվականին Թեհրանը և Երևանը ստորագրել են գազի փոխանակման համաձայնագիր էլեկտրաէներգիայի դիմաց 20 տարի ժամկետով, ըստ որի՝ Իրանի արտահանվող գազը սպառվելու է Հայաստանի էլեկտրակայանների կողմից, իսկ դրա դիմաց Իրանը Հայաստանից էլեկտրաէներգիա է ներկրելու է։
Հայաստանն իրանական գազ է ներկրում 2009 թվականի կեսերից։ Առաքումները կատարվում են 1 խմ փոխարժեքով։ Գազամատակարարումն իրականացվում է Իրան-Հայաստան գազատարով, իսկ Հայաստանից էլեկտրաէներգիան Իրան է ուղարկվում երկու էլեկտրահաղորդման գծերով։