Անցած 2021 թվականին ունեցանք 5,3 տոկոս տնտեսական աճ, ինչը կանխատեսված 3,1 տոկոսը գերազանցել է։ Այս մասին Բյուջե-2021 կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ եկամտային մասը գերակատարվել է 147 միլիարդ դրամով։
Փաշինյանի խոսքով՝ եկամտաբեր է եղել հատկապես պղնձի խտանյութի արտահանման նախագիծը, որը 24 միլիարդի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջե։ Եղել է նաև հարկային մասի նվազում։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ ունեցել ենք պատմական ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22,7 տոկոսն արձանագրվել է հարկային եկամուտների ձևով, որը նախատեսվում է հասցնել 25 տոկոսի։
2021 թվականի ընթացքում 146 միլիարդ դրամի ԱԱՀ է վերադարձվել տնտեսվարոողներին։ Համեմատության համար Փաշինյանը նշեց, որ 2017 թվականին այն եղել է 60 միլիարդ դրամ։ Ի դեպ՝ նախկինում գործում էր օրենք, որի համաձայն՝ վերադարձը կատարվում էր 6 ամիսը մեկ, իսկ 2021 թվականի ընդունված նախագծով՝ այն դարձավ 3 ամիսը մեկ։
Փաշինյանի խոսքով՝ ինչքան իրենք ժրաջան են գումարներ հավաքելու, այնքան էլ՝ դրանք վերադարձնելու գործում։
Եթե, օրինակ, հիպոթեքային վարկերի մասով 2017 թվականին վերադարձվել է 2 միլիարդ 417 միլիոն դրամ, ապա 2021-ին՝ 32 միլիարդ 640 միլիոն դրամ եկամտային հարկ, որը 1250 տոկոսով ավելին է 2017 թվականից։