Կենտրոնական բանկն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին։
Նրա պարզաբանմամբ՝ ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից:
Մարտին Գալստյանի պնդմամբ՝ եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի, ինչը բնակչության վրա ծանր կնստի։
«Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Միջազգային լավագույն փորձը հուշում է, որ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականացումը: Կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն մրցունակության անկում ունեն, այդ սեկտորներին պետք է տրվի օժանդակություն: Դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո»,- նշեց նա։