Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների սակագնի 75 տոկոսով բարձրացումը ևս մեկ հարված կլինի հայ արտահանողների համար։ Այս մասին Armenia Today-ին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի կառավարության՝ այսօրվանից ուժի մեջ մտած որոշումը։
Տնտեսագետն ընդգծել է, որ գումարն ինքնին փոքր է, սակայն հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը՝ էներգակիրների ու տրանսպորտային ծառայությունների թանկացումը, սակագնի բարձրացումը ևս մեկ հարված կլինի Հայաստանի արտահանողներին։
Նրա խոսքով՝ միայն այս տարի հայ արտահանողները զգալի վնասներ են կրել, այդ թվում՝ տրանսպորտային ծախսերի ավելացման, ինչպես նաև Վերին Լարսի անցակետում մեքենաների կուտակման պատճառով։ Առաքողը ստիպված է լինում լրացուցիչ 100 դոլար ուղարկել փոխադրողի յուրաքանչյուր բեռնատարի համար անցակետում պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար: «Եթե բեռը հինգ օր պարապուրդի է մատնվել, ապա առաքողի վնասն արդեն արժե 500 դոլար»,- ասաց Պարսյանը։
Նա հավելեց, որ այժմ այս բոլոր ծախսերին ավելացել է ևս մեկ ծախս՝ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրող յուրաքանչյուր բեռնատարի սակագնի բարձրացում՝ 200 լարիից մինչև 350 լարի։ «Իհարկե, դա կբերի ապրանքների գների բարձրացման, արդյունքում՝ արտաքին շուկաներում, հիմնականում՝ ռուսական շուկայում, ներքին արտադրանքի մրցակցային առավելությունների նվազմանը»,- ընդգծեց տնտեսագետը։
Նշենք, որ հունիսի 20-ից Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման արժեքը 200 լարիից դարձել է 350 լարի։ Երկրի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ 200 լարիի վճարը սահմանվել է 2010 թվականի օգոստոսին, և այս ընթացքում երկրում զգալիորեն բարելավվել է ճանապարհների և ենթակառուցվածքների որակը։ Նման բարելավումները գումար են պահանջում, ինչպես նաև ճանապարհների սպասարկումը` միջազգային չափանիշներին համապատասխան:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դանդաղել է՝ ընթացիկ տարվա 17,7%-ից հասնելով 10,2%-ի և կազմելով 5031,9 հազար տոննա։ Ավտոմոբիլային բեռնափոխադրումները, որոնք կազմում են ընդհանուր ծավալի 64,3%-ը կամ 3,233,1 հազար տոննա, մեկ տարվա ընթացքում աճել են 11,3%-ով։