Հայաստանը կարող է հայտնվել պարենային անվտանգության վտանգի տակ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով լեհական տնտեսական ինստիտուտի զեկույցը։
Զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի իրադարձությունները և դրանց հետևանքները ամբողջ աշխարհում սպառնում են պարենային անվտանգությանը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում անգամ սով է կանխատեսվում։
«Ամենամեծ դժվարությունները կարող է զգալ Բենին, որին հաջորդում են Հյուսիսային Կորեան, Սուդանը, Նիկարագուան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այնուհետև վտանգված են Հայաստանը, Եգիպտոսը, Լիբանանը, Վրաստանը և Ռուանդան։ Միասին վերացրած՝ այդ բոլոր երկրները բնակեցված են ավելի քան 300 մլն բնակչությամբ։ Գլոբալ պարենային ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության գործողությունները Սև ծովով անցնող տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման ուղղությամբ»,-նշել են ինստիտուտի վերլուծաբանները:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում նշել է, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովումը:
«Ներկայումս ընդհանուր ագրարային շուկայում օբյեկտիվ պատճառներով սահմանափակումներ են առաջանում գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների մատակարարման հարցում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մեր երկրների գյուղատնտեսության կայուն գործունեության, և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ պարենային ապահովման վրա»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: