Դոլար-եվրո-դրամ փոխհարաբերությունների խառնիճաղանջը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։ Դրամի արժևորմանը զուգընթաց հաճախակի են դառնում քաղաքացիների բողոքները, թե որոշ հայաստանյան բանկեր հրաժարվում են արտասահմանից իրենց ուղարկված դոլարը կամ եվրոն նույն արժույթով փոխանցել՝ փոխարենը դրամ առաջարկելով։ Պատճառը, իրենց խոսքով, այն է, որ դոլար ու եվրո չունեն, քիչ է կամ չի բավարարում։
Ֆինանսների նախկին նախարար, Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ կանխիկ արտարժույթը ԵԱՏՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դժվարությամբ են տրամադրում արևմտյան բանկերը, ուստի ներքին շուկայում կանխիկացված դոլարի և եվրոյի նկատմամբ կոմիսիոններ են կիրառում, որպեսզի մարդիկ միայն խիստ անրաժեշտության դեպքում գնան կանխիկի:
«Որպեսզի այդ գումարները չգնան ու չսնեն Ռուսաստանի տնտեսությունը, պետք է հարկեր կիրառել, այսինքն՝ թանկացնել այդ գործընթացը։ Կարծում եմ, որ մեր բանկերը ճիշտ են անում, որ թանկացնում են այդ գործընթացը։ Հասկանում եմ, որ կարող են լինել առանձին մարդիկ, ֆիզիկական անձինք, տնտեսվարողներ, որոնք կարող են հայտնվել ինչ-որ խնդիրների մեջ, բայց դա համընդհանուր չէ։ Սակայն որ դա կարողանա հանգեցնել ինչ-որ տնտեսական խնդիրների՝ չեմ կարծում»,- ասաց փորձագետը։
Արամյանը նշեց, որ նույն բանկային համակարգը դժվարությամբ է կանխիկ դոլար և եվրո ներմուծում Հայաստանի տնտեսություն։ Եվ խնդիրը բնավ էլ մեր բանկային համակարգի կամ Կենտրոնական բանկի վարքագծի մեջ չէ, այլ եվրոատլանտյան բլոկի վարած քաղաքականության։ Արևմուտքը մտավախություն ունի, որ կանխիկը կգնա և կսնի Ռուսաստանի տնտեսությանը, դրա համար էլ դժվարությամբ է կանխիկով դոլար և եվրո տրամադրում։
Ի դեպ՝ քաղաքացիներից ստացված բողոքների համաձայն՝ ոմանց դոլար են տրամադրում պայմանով, որ ստորագրեն այն միայն ՀՀ տարածքում սպառելու համար։ Իսկ որպես երաշխիք՝ մեկ առ մեկ ֆիքսում են տրված արժույթի նիշերը՝ քաղաքացիներին զգուշացնելով, որ սահմանին դրանք կարող են բռնագանձվել։
ԿԲ-ից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ բանկերից որոշները նման քաղաքականություն կարող են վարել, սակայն դա համընդհանուր չէ, նշանակում է՝ քաղաքացին կարող է ուրիշ բանկի ծառայություններից օգտվել։ Նման որոշումներ բանկերը կայացնում են ինքնուրույն։
Վերջին տվյալներով՝ դոլարի կտրուկ արժեզրկման ցուցանիշը Հայաստանի բանկերում 1 դոլարի դիմաց 420 դրամ է կազմում, վաճառքի առավելագույն շեմը՝ ընդամենը 430 դրամ։ Տնտեսագետն այս երևույթը կապում է 3 հիմնական պատճառների հետ։ Նախ դա արտաքին առևտրում վճարային կառուցվածքային տեղաշարժն է, երկրորդ՝ Ռուսաստանից այցելուների թվի զգալի աճը, և երրորդ՝ տրանսֆերտների ներհոսքը։
«Տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի և ձեռքի տակ ունենան գործիքակազմ, որով կկարողանան դիմակայել ցնցմանը»,- ասաց Արամյանը։
Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե արդյոք այս գործոնները՝ մասնավորապես Ռուսաստանից դեպի Հայաստան այցելուների թվաքանակի աճը, պարբերակա՞ն է, թե՞ ժամանակավոր։
«Միայն ռուսների երկարաժամկետ ու շարունակական այցերի դեպքում է, որ մեր երկրի տնտեսությունը լուրջ աճ կգրանցի: Հակառակի դեպքում Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդրի առաջ կկանգնի»,- նշեց փորձագետը։
Արամյանը կարծում է՝ պետությունը պետք է հաշվի նստի նաև արտահանողների հետ և հասկանա՝ ինչ գործիքներով օժանդակել: Չէ՞ որ մեր արտահնողների մեծ մասը տուժում է փոխարժեքների մշտական տատանումներից։
«70 տոկոսը տուժում է, քանի որ արտահանումների միայն 30 տոկոսն է գնում ռուսաստան, մյուս 70 տոկոսը վատ վիճակում է։ Եթե ԿԲ-ն գնար ստերիլիզացիոն քաղաքականության ուղղությամբ, արտահանողնեի խնդիրն այսքան չէր շեղվի։ Պետությունը պետք է հաշվի նստի նաև արտահանողների հետ և հասկանա՝ ինչ գործիքներով օժանդակել։ հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ, անմիջապես անհրաժեշտ է չեղարկել պետական տուրքը կամ նվազեցնել»,- ասաց տնտեսագետը։
Նախկին նախարարը նաև զգուշացնում է հնարավոր տնտեսական լուրջ խնդիրների մասին։ Նա չի բացառում նաև որոշ ընկերությունների գործունեության լրիվ դադարեցում՝ բերելով Թեղուտի օրինակը։