Վերին Լարսում երթևեկությունը դեռ ամբողջովին չի վերականգնվել և պարզ չէ՝ երբ այն անցանելի կլինի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Armenia Today-ի զրույցում հայտնեց «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
«Երթևեկությունը վերականգնվել է ժամանակավոր ճանապարհով։ Գիշերը ճանապարհը պարբերաբար բացվել և փակվել է։ Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ առավոտյան բեռնատարներն անցել են, կուտակումները որոշակիորեն նվազել են։ Նման իրավիճակ է, և խնդիրը դեռևս չի կարգավորվել»,- մանրամասնեց Հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արտահանողները զգալի վնասներ են կրել․ գյուղմթերքով լի բեռնատարներ են եղել, որ տասն օր շարունակ Վերին Լարսում հերթերի մեջ կանգնած են մնացել։
«Շատ լավ կլիներ, որ Աբխազիայի երկաթուղին մեզ համար գործեր, բայց այստեղ քաղաքական հարցեր կան։ Վրաստանը լոգիստիկ խնդիրներ չունի, և հնարավոր է՝ ինչ- ինչ բիզնես շահից ելնելով՝ այդ երկաթուղին շահագործեն։ Չի բացառվում, որ մի օր Վրաստանը, իր շահից ելնելով, բացի Աբխազիայի երկաթգիծը»,- նշեց նա։
Անդրադառնալով հայկական լաստանավի խնդրին՝ Էմիլ Ստեփանյանը նշեց, որ հայկական կողմից աշխատանքներ են տարվում, սակայն, ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ կապված որոշ հարցեր կան, որոնց լուծումը ժամանակ է պահանջում։
«Եթե լաստանավի թույլտվություն չտան, ուրեմն՝ ծրագիրը չստացվեց։ Պետք էր հստակ ժամկետներ չհայտարարվեին, թե այս ինչ օրը լաստանավը Փոթիի նավահանգիստ է դուրս գալու։ Պետք է ասվեր, որ հայկական կողմն ամեն ինչ անում է լաստանավ ունենալու ուղղությամբ, ոչ թե ասեին, թե հունիսի 15-ին շահագործվելու է։ Պետք է զգույշ լինել հայտարարություններում»,- ասաց նա։
Նշենք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ մայիսին կառավարության նիստում լաստանավային հաղորդակցության մասին հարցը ներկայացնելիս տեղեկացրել էր, որ պայմանագիր են կնքել լաստանավային հաղորդակցություն իրականացնող ընկերության հետ, որը պայմանագիր ունի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ: Նախարարը վստահեցրել էր, որ հունիսի 15-ից Փոթի և Կովկաս նավահանգիստների միջև գործարկվելու է շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ կանոնավոր լաստանավային հաղորդակցություն:
Հունիսն ավարտվում է, իսկ Վահան Քերոբյանը դեռևս պարզաբանում է, որ հայկական կողմը սպասում է լաստանավով բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությանը:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով փակվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը։ Հայկական մոտ 300 բեռնատարներ մնացել են ճանապարհին։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմից բեռնատարների համար ավտոճանապարհը փակ է: