Ռուսաստանում դեֆոլտի մասին պաշտոնական հայտարարություններ չկան: Կան գնահատականներ միայն առանձին վերլուծական շրջանակների, վարկանիշային գործակալությունների և փորձագետների կողմից: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիստյուխինը:
«Դրանք փորձագետների գնահատականներն են, ոչ ավելին։ Ես հույս ունեմ, որ, ի վերջո, նման եզրակացություն չի լինի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը արտաքին պարտքային պարտավորությունների գծով դեֆոլտ է թույլ տվել: Հայտարարվել էր, որ հունիսի 27-ին Ռուսաստանի սուվերեն պարտքի կրողները չեն ստացել եվրոպարտատոմսերի թողարկման արժեկտրոնային վճարումները: Խոսքը 30-օրյա արտոնյալ ժամանակաշրջանի ավարտի պահին 100 մլն դոլար գումարի մասին է, ինչը, ըստ Moody’s-ի, դեֆոլտ է:
Միևնույն ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ դա չի նշանակում արտաքին պարտքի դեֆոլտ։ Նրա խոսքով՝ վարկատուները ոչ մի հիմք չունեն կարծելու, որ Մոսկվան իր պարտավորությունները ոչ պատշաճ կերպով է կատարում, քանի որ Ռուսաստանը ֆորս-մաժորի պայմաններում անում է ամեն ինչ, որպեսզի վարկատուները ստանան իրենց միջոցները: Սիլուանովի խոսքով՝ ԱՄՆ-ը ու Եվրամիությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծում ռուսական արտաքին պարտքի սպասարկման համար։ Ըստ նրա՝ դա արվում է զուտ «դեֆոլտ» պիտակը կպցնելու համար։