Հայաստանը բջջային ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում 84-րդ տեղում է։ Այս մասին է վկայում SpeedTest ինտերնետի արագությունը չափելու համար հայտնի ծառայության նոր զեկույցը։ Ըստ զեկույցի, Հայաստանում բջջային ինտերնետի արագությունը կազմել է 21,46 Մբիթ/վրկ:
Ռուսաստանը 85-րդ տեղում է, Արգենտինան՝ 86-ն է։ Ադրբեջանը 61-րդ տեղում է, Վրաստանը՝ 63-րդ: Բջջային ինտերնետի արագությամբ առաջատարների թվում են Նորվեգիան, ԱՄԷ-ն և Քաթարը։ Ցուցակում, ընդհանուր առմամբ, 141 երկիր է։
Ընդ որում՝ վարկանիշի հիմքում ընկած են այն չափումները, որոնք հարյուր միլիոնավոր մարդկանց կողմից կատարվել են անմիջապես SpeedTest ծառայության օգնությամբ: Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության համար գերակա է։
Ինչպես վկայում են վիճակագրական կոմիտեի տվյալները, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպերը 2,8 տոկոսից հասել են 7,4 տոկոս՝ ապահովելով 344,7 մլրդ դրամի հասույթի ծավալ (շուրջ 684,3 մլն դոլար):