Մեր մեկուկես ամսա աշխատանքի ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ «Լարսի» թողունակությունն էապես մեծացել է։ Բացի այդ, եթե 2 ամիս առաջ օրեկան կտրվածքով «Լարսի» անցակետով անցնող հայկական մեքենաների քանակը 130 էր, հիմա մոտավորապես 250 է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս պահին արագ փչացող ապրանքների արագ անցումն էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը ու նվազեցրել ռիսկերը։ Կարծում ենք՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերն ամբողջությամբ կվերանան։
Մենք աշխատանքներ ենք տանում այլ երթուղաների ստեղծման ուղղությամբ, որոնցից մեկը լաստանավն է։ Այս առումով մոտ ենք վերջնակետին։ Երեկ եմ զրուցել վրացի գործընկերներիս հետ։ Ակնկալում ենք, որ մոտակա օրերին մեր հարցերը լուծում կստանան։ Եթե ոչ, ապա կանցնենք պլան Բ-ին ու այդ նույն գործողությունը կիրականացնենք Բաթումի նավահանգստի միջոցով»,- նշեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով ավելի վաղ փակվել էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը։ Հայկական մոտ 300 բեռնատար մնացել էր ճանապարհին։ Հայ արտահանողների «Արտահանում-Հայաստան» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ստեղծված իրավիճակի արդյունքում հայ արտահանողները զգալի վնասներ են կրում։