Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահը ևս արձանագրել է երկկողմ կապերի բարձր մակարդակը և վերահաստատել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով է իր գլխավորած պատվիրակությունն այցելել Հայաստան, որի հետ բարեկամությունն ու փոխշահավետ գործընկերությունը 10-ամյա պատմություն ունի:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ինչպես գիտական, կրթական, մշակութային, տեխնոլոգիական, այնպես էլ սննդի վերամշակման, ջրային ռեսուրսների և կոշտ թափոնների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Վարչապետը կարևորել է առաջիկայում նախատեսվող՝ Արմավիրի մարզի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և առաջարկել դիտարկել գործարար շրջանակների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունը, ինչը թույլ կտա փոխանակվել փորձով ու զարգացման տեսլականով: Գուննար Շելլենբերգերը ողջունել է գաղափարը և նշել, որ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն շահագրգիռ շրջանակներին: