Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի ժամանել է Բաքու՝ ԵՄ-ին ադրբեջանական գազի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրելու համար։
«ԵՄ-ն դիմում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների: Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնագիր ստորագրելու համար։ Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները։ Ադրբեջանը կարևոր գործընկեր կլինի մեր մատակարարումների անվտանգության և կլիմայական չեզոքության ճանապարհին»,- գրել է Լյայենը Twitter-ի իր միկրոբլոգում։
SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆն ասել է, որ Ադրբեջանն ունի բավարար ներուժ՝ կրկնապատկելու գազի արտահանումը Եվրոպա, սակայն արտահանումն ավելացնելու համար անհրաժեշտ է ավելացնել գազատարի թողունակությունը, որը նախատեսված է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր փոխադրելու համար։
Գազի մատակարարների դիվերսիֆիկացման հարցը Եվրոպայի համար հատկապես արդիական է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Եվրահանձնաժողովը հայտարարել է մինչև 2030 թվականը ռուսական գազի ամբողջական մերժման անհրաժեշտության մասին՝ մշակելով համապատասխան ծրագիր, որը կոչվում է REPowerEU։
Ավելի վաղ Armenia Today-ը հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը կայցելեն Բաքու, որտեղ նրանք Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկեն Եվրոպա տեղական գազ մատակարարելու հարցը՝ գործարք կնքելու համար, որի նպատակն է նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական էներգիայից և նվազեցնել գազի սպասվող պակասը հաջորդ ձմռանը: