Հայաստանյան ընկերությունները պետք է կանխիկից հրաժարվելու քաղաքականություն որդեգրեն, կանխիկով աշխատող ընկերությունները ոչ թափանցիկ են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, թե համաձա՞յն է ԿԲ այն որոշմանը, որ դոլար և եվրո կանխիկացնելիս երեք տոկոս պահում է արվում։
Քերոբյանը համաձայն է դոլար և եվրո կանխիկացնելիս պահումներ անելու քաղաքականության հետ։ Նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները։
«Երբ մենք խոսում ենք մրցունակության, արտադրողականության մասին, ապա թափանցիկ աշխատանքն առաջին նախապայմաններից է։ Այս ճանապարհը բարդ է, բայց պետք է անցնենք դրանով, քանի որ հակառակ դեպքում՝ կմնանք ցածր արտադրողական և վատ կառավարվող ընկերությունների մեջ»,- նկատեց նա։
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով` որոշ ժամանակ անց կանխիկի դարաշրջանը կավարտվի։
Այդուհանդերձ, Վահան Քերոբյանն այս հարցում բոլոր գործիքակազմի հետ ամբողջությամբ համաձայն չէ և անընդհատ քննարկումների մեջ է ԿԲ գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բանկերը դոլար և եվրո կանխիկացնելիս 3 տոկոս միջնորդավճարներ են գանձում։ Նման քաղաքականություն մշակել է ԿԲ-ն, իսկ գործարարները դժգոհում են, որ պահումներ անելու այս «հարկադիր» միջոցից իրենք տուժում են։