Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Իր խոսքում Փաշինյանը նշել է. «Ես հիշում եմ, երբ 2018 թվականին այստեղ քննարկում էինք համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը, և դա շատ լուրջ բանավեճ էր, կային շատ մեծ կասկածներ, դեմ և կողմ կարծիքներ: Ի վերջո, քաղաքական որոշում կայացվեց, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և համահարթ եկամտահարկ կսահմանենք՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 20 տոկոսի: Այն ժամանակ երկու ակնկալիք ունեինք այդ որոշումից. առաջինը՝ ակնկալում էինք, որ աշխատատեղերը ստվերից դուրս կգան, և երկրորդը՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկային եկամուտներ կապահովենք եկամտային հարկի գծով: Այդ կանխատեսումները, ըստ էության, այսօր իրականություն են դարձել. մենք շարունակական վճարվող և գրանցված աշխատատեղերի աճ ենք ունենում, եկամտային հարկի առումով՝ ավելի ցածր դրույքաչափով ավելի մեծ հարկեր ենք հավաքում, և այդ պրոցեսը շարունակական է: Սա ընդամենը մեկ օրինակ է։
Սա ինչի՞ համար եմ ասում: Անկեղծ ասած, ես շատ գոհ եմ, որ մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև քաղաքական իշխանությունը կամ գոնե ես, որ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, լսում եմ տնտեսագետներին և փորձում եմ որևէ եզրակացության գալ՝ իհարկե, Կառավարության ձևաչափով, խորհրդարանական մեծամասնության հետ համատեղ: Հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց կհիշենք այսպիսի քննարկման արդյունքում կայացված որոշումները, որոնց առնչությամբ գոհունակություն կհայտնենք: Կրկին ողջունում եմ բոլորին և շնորհակալ եմ մասնակցության համար»:
Նիստի օրակարգի շրջանակում քննարկման առարկա են ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ ընթացիկ իրավիճակին և կանխատեսվող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախատեսված են քննարկումներ ՀՀ կառավարության ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության մրցունակության բարելավման, պարենային համակարգի զարգացման, և այլ թեմաների շուրջ:
Զեկուցներով են հանդես եկել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։ Ֆինանսների նախարարն իր զեկույցում անդրադարձել է 2017-2021թթ. տնտեսական զարգացումներին, միջնաժամկետում բարձր տնտեսական աճի ապահովման համար հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթություններին, Կառավարության ծրագրով պլանավորված մակրոտնտեսական ցուցանիշներին, ընթացիկ ու կապիտալ ծախսերին և մի շարք այլ հարցերի։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ամփոփ զեկույց ՀՀ կառավարության տնտեսական ծրագրի կատարման ընթացքի, տնտեսության և արտահանման վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարն իր զեկույցում անդրադարձել է դրամավարկային քաղաքականությանը, գնաճային և արժույթային զարգացումներին, համավարակով և պատերազմով պայմանավորված անորոշություններին ու կանխատեսումներին։
Նիստի մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցներում արծարծված հարցերի, տնտեսության միտումների ու զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է արվել նաև միջազգային իրավիճակով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին։
Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջնահերթ նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է, և այդ նպատակով արմատական բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Կառավարության՝ տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու տնտեսության մեջ գիտելիքի ձևավորմանն ուղղված ծրագրերին։
Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 7-ին։