Սպասենք մեկ-երկու օր և լաստանավային բեռնափոխադրումներն արդեն կգործի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտարարեց՝ վերջնական աշխատանքներն են արվում, շուտով կհրապարակվի չվացուցակը։
«Օրերի հարց է։ Բայց դա հեշտ չէ, մանավանդ, որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հուսով եմ, շատ շուտով իր արդյունքը կտա»,- նշեց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը հստակեցրեց, որ այժմ դիտարկվում է միայն Փոթիի նավահանգստով լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը։
Խոսելով Վերին Լարսում կուտակումների և ծագած խնդիրներրի մասին՝ Քերոբյանը մանրամասնեց, որ արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան, այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի։
«Իսկ մյուս ապրանքների մասով, այո՛, ունենք խնդիր։ Մեր արած աշխատանքի արդյունքում հուլիսին հայկական մեքենաների բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, հունիսի նկատմամբ, աճել է 10 տոկոսով, բայց դա, միևնույն է, շատ քիչ է, որ հերթերի հարցը լուծվի»,- եզրափակեց նա՝ ընդգծելով, որ շարունակում են աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնեն Վերին Լարսի անցակետի թողունակությունը։
Նշենք, որ օրեր առաջ Քերոբյանն ասել էր, որ լաստանավային հաղորդակցությունը կգործակվի օգոստոսին։
Հիշեցնենք՝ Կառավարության մարտի 24-ի նիստում որոշում ընդունվեց, որ Կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության առաջարկով սուբսիդավորելու է Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։
Որոշումն ընդունելուց հետո Վահան Քերոբյանը հայտնեց, թե ՀՀ կառավարությունը բանակցում է Վրաստանի Փոթիի նավահանգիստը շահագործող հոլանդական APM ընկերության հետ, որպեսզի հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։
«Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից մեկը, ևս պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ APM ընկերությունը հայաստանյան լաստանավին Փոթիի նավահանգստում աշխատելու թույլտվություն դեռևս չի տրամադրել»,- տեղեկացրել էր նախարարը։