Պետությունը, սուբսիդավորում տրամադրելով, կխթանի աշնանացանի մշակությանը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Armenia Today-ի թղթակցի դիտակմանը, թե այսօր գյուղացուն առաջնային մտահոգում է ոռոգման ջրի հարցը, Քերոբյանը պատասխանեց, որ ոռոգման ջրի խնդիրը մեկ օրում չի կարող լուծվել։
«Ոռոգման ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, բայց հիման մենք շատ մոտ ենք ոռոգման ջրի ռազմավարությունն ընդունելուն, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերներն արդեն շատ մոտ են մի քանի ջրամբարի շինարարության մրցույթներ հայտարարելուն։ Այսինքն՝ Կառավարությունը տարբեր ուղղություններով ոռոգման խնդրի լուծման ճանապարհին է»,- հստակեցրեց նա։
Armenia Today-ի թղթակիցը նախարարին հարցրեց, թե ինչպե՞ս է ազդելու արտահանողների վրա վրացական կողմից բեռնափոխադրումների վճարների բարձրացումը։
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 10 տարի է՝ վրացական կողմը ճանապարհային վճարների գնացուցակում փոփոխություն չի արել և գները չի բարձրացրել։
«Այդ հարցը մեզ համար խնդրահարույց չէ։ Ըստ էության՝ տեղի է ունեցել ինդեքսացիա․ ուղղակի վճարվելիք նախկին 115 դոլարը վերահաշվարկել են այսօրվա փոխարժեքով։ Այսօրվա խնդիրների մեջ տրանզիտային վճարների աճն իրականում շատ փոքր խնդիր է, և մենք չենք ուզում օրակարգի մեջ ոչ այդքան էական հարցեր ներառել»,- պարզաբանեց Քերոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմավիրի և Շիրակի մարզերի բնակիչները միջպետական ճանապարհներ էին փակել՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի հարցը։