Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական բլոկից իր գործընկերները զբաղվում են սոցիալական ուղղությամբ աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներով:
Քերոեբյանը պատճառաբանեց, որ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չեն ապահովագրել իրենց գույքը, այլապես այդ ծառայությունը հասանելի կլիներ:
«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել և հատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է աներ: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի»,- ասաց նախարարը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ բիզնեսը պետք է աշխատի բարձր ստանդարտներին համապատասխան և չակնկալի, որ իր բացթողումը կառավարությունը պետք է լրացնի: