Վրաստանն ավարտել է Ռուսաստանի հետ լաստանավային անցման բացման հարցի վերաբեռրյալ խորհրդատվությունները, որոնք անցկացնում էր տրանսպորտային ընկերությունների հետ: Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»-ն, այդ մասին երկրի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է Վրաստանի ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջգալաձեին՝ վերջինիս գրավոր հարցմանն ի պատասխան:
«Այս տարվա հունիսին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը դիմել էր մեզ՝ Փոթի-«Կովկաս» լաստանավային հաղորդակցություն սկսելու խնդրանքով, որը հայկական պետության նախագիծն է: Նշված հարցման հիման վրա խորհրդակցություններ են անցկացվել համապատասխան տրանսպորտային ընկերությունների միջև»,-մեջբերում Է հրատարակությունը: Գերատեսչությունում ընդգծել են, որ Մոսկվայի հետ նոր համաձայնագրեր վրացական կողմը չի ստորագրել։
Նշվում է, որ Փոթի-«Կովկաս» նավահանգիստներով միջազգային երկաթուղային-լաստանավային ուղիղ հաղորդակցության կազմակերպման մասին պայմանագիրը Վրաստանը և ՌԴ-ն ձևակերպել են դեռևս 2005 թվականի սկզբին:
Ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանը դիմել Է Վրաստանին «Վերին Լարս» անցակետում մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային անցման բացման խնդրանքով: Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Փոթի-«Կովկաս» լաստանավային փոխադրումը կգործարկվի օգոստոսին: