2022 թվականի սկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 49 հազար մարդ: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով «Росстат»-ի տվյալները: Ռուսաստանից տարեսկզբից մեկնել է 419 հազար մարդ, երբ նախորտ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 202 հազար:
Միգրացիոն արտահոսքը կազմել է 96 հազար, երբ 2021-ին 114 հազարի աճի էր գրանցվել: Ռուսաստանից մարդիկ ամենից շատ մեկնել են Ուկրաինա (79,6 հազար): Տաջիկստան է մեկնել 58,4 հազար, Հայաստան 49 հազար, Ղրղզստան 43,6 հազար, Ղազախստան 40,7 հազար և Ուզբեկստան 38,6 հազար ՌԴ քաղաքացի:
Չինաստան է մեկնել 6,6 հազար, Վիետնամ 5,4 հազար, Հնդկաստանը 4,1 հազար քաղաքացի: Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ընթացիկ տարվա ընթացքում ձեւավորվել են շուրջ 300 խոշոր ընկերություններ եւ ռուսական կապիտալով 2500 փոքր ընկերություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն իր հերթին Armenia Today-ին հայտնել է, որ ընթացիկ դրությամբ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 50%-ով և կազմել 1,65 մլրդ դոլար: