Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում դեպի վերակառուցվող Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչվեցին: Համապատասխան որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում:
Ծրագիր 3-ի շրջանակներում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում են Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցման աշխատանքները։
«Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն: Ընդհանուր առմամբ՝ երկու մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, որպեսզի աշխատանքները բնականոն հունով ընթանան»,- ասաց Գնել Սանոսյանը:
Այդ ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ օտարվել են, սակայն դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտվող մի շարք ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։
Oտարվող սեփականության ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է կգա Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թվականի մարտի 1-ը։