ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր Կառավարությունում հանդիպել է խաղողի մթերման գներից դժգոհ արմավիրցիներին։ Հանդիպումը բավականին թեժ է անցել։ Դժգոհ գյուղացիները մեդալ են տվել Քերոբյանին։ «Սա խաբեբայության առաջին տեղի մեդալ է»,-նշել են նրանք՝ հավելելով, որ անցած տարի ևս խաբել են իրենց։
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ խաղողի գնի հետ կապված պետք է տարբեր հանգամանքներ հաշվի առնվեն։ «Դոլարի կուրսը ստիպում է, որ վերանայվեն նաև խաղողի գները, որն այսօրվա հիմնական ազդեցության գործոնն է։ Կառավարությունը տարբեր միջոցառումներ է իրականացրել՝ սուբսիդավորվել են պարարտանյութը, ընթացքում սուբսիդավորել ենք մթերման վարկերի տոկոսները», – նշեց նա՝ հավելելով, որ այդ ամենը չի հանգեցրել նրան, որ ստացվի այնպիսի գին, որ ձեռնտու է խաղողագործներին։
Ըստ նրա՝ կառավարությունն ունի հանրային միջոցների ճիշտ տնօրինելու ֆունկցիա։ «Վերջին տարիներին գյուղատնտեսության վրա հատկացվող բյուջեն ավելացել է»,-նշեց նա։
Անդրադառնալով խաղողագործների կողմից իրեն տրված մեդալին, նա նշեց. «Գյուղացիները չեն կարող ցույց տալ, թե ես ինչ եմ խաբել։ Ինչ խոստանում եմ, աշխատում եմ անել»։