Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող է մինչև 2023 թվականը հասնել Իրանի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին լիաֆորմատ համաձայնագրի եզրափակիչ փուլին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Կասպիական տնտեսական երկրորդ համաժողովում։
«Հուսով ենք, որ մեր բանակցությունների շրջանակներում մենք հաջորդ տարի արդեն դուրս կգանք ազատ առևտրի գոտու մասին մշտական համաձայնագրի՝ սկզբունքորեն ավելի լայն ընդգրկմամբ և խորությամբ, քանի որ հասկանում ենք, որ իսկապես այժմ պայմանները, իրավիճակը և մշակված ներուժը մեզ դրդում են առավել խորը կոոպերացիայի», – ասել է նախարարը:
Նախարարի տվյալներով՝ 2015-2021 թվականներին Իրանի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է 2,2 անգամ՝ 2,3 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդ դոլարի: Այդ ամենի հիմքը ժամանակավոր համաձայնագիրն է, որը տանում է ազատ առևտրի գոտու ձևավորմանը, որը կնքվել է 2018 թվականին: Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագիրը այժմ բանակցությունների փուլում է, այս փուլում անցել են բանակցությունների հինգ փուլ:
2021 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն տվեց ժամանակավոր համաձայնագրի արձանագրության նախագծին, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համար: Արձանագրությունը ենթադրում է համաձայնագրի գործողության երկարաձգում երեք տարով կամ մինչև համապատասխան լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելը։