Ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ մասնավոր անձանց ներդրումները Հայաստանում ողջունելի են: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պարզաբանելով 150 000 դոլար դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու նախագիծը:
Այսպիսով, ըստ նախարարի, լուծում ենք միանգամից երկու հարց՝ ՀՀ իմիգրացիայի հարցը, այսինքն՝ որոշ ներգաղթածների դարձնում ենք ՀՀ քաղաքացիներ և ներդրումների հարցը, որը նույնպես կարևոր է:
Հարցին, թե ինչ կլինի, եթե դիմողը Թուրքիայի քաղաքացի լինի, Քերոբյանն ասաց, որ հարցով կզբաղվի ԱԱԾ-ն: Ոչ թե կբացառվի, այլ կչեզոքացվի ցանկացած սպառնալիք կամ կասկածելի դեպք:
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության մեջ 150 000 ԱՄՆ դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: