Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան իր ազդեցությունն է թողել Հայաստանի ընդհանուր բիզնես միջավայրի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ Ջերմուկում, օրինակ, ըստ քաղաքապետի՝ մինչև սեպտեմբերի 13-ը չի եղել որևէ ազատ հյուրանոցային համար: Սակայն նախարարի խոսքով՝ ինչպես Ջերմուկում, այնպես էլ այլ տուժած վայրերում իրավիճակը կամաց-կամաց ակտիվանում է:
Ըստ Քերոբյանի՝ գնդակոծված բնակավայրերը տնտեսության մեջ չունեն լուրջ մասնակցություն: Սակայն ագրեսիայի հետևանքով չեղարկվել են նախապես ծրագրված բազմաթիվ միջոցառումներ:
Որոշ ներդրողներ որոշել են հետաձգել իրենց նախագծերը: Հետևաբար տնտեսությունն ավելի շատ տուժել է մասնավորապես՝ որոշ տնտեսվարողների հապաղումներով պայմանավորված:
Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ից հետո այցելել է Ջերմուկ և Վարդենիս, տեղում ծանոթացել իրավիճակին:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 10 քառ. հանրապետության կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։