Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ներկայում Եվրասիական տնտեսական միության դերն աճում է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, աշխարհում տնտեսական առումով ոչ հեշտ ժամանակներ են: Պետք է նշեմ, որ այն մեխանիզմները, որոնք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, երբեմն բավական օգտակար են այդպիսի իրավիճակներում:
Պետք է ասեմ, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ և՛ դժվարություններ է բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ, օրինակ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե ավելի քան կրկնապատկվել է: Ընդհանուր մասշտաբը, իհարկե, այնքան մեծ չէ, բայց շատ լավ դինամիկա է նկատվում, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումների և բանակցությունների արդյունքում կհաջողվի պահպանել տնտեսական այդ դինամիկան: Մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարցում, և հույս ունեմ, որ գնալով ավելի շատ ընդհանուր նախագծեր կունենանք, որոնք գրագետ կազմված կլինեն և օգուտ կբերեն և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին, մեր բիզնեսին, մեր քաղաքացիներին:
Իր հերթին Բելառուսի վարչապետն ասել է. «Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը:
Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»:
Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի:
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։