Ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե բանակցություններն ինչ ընթացք կստանան, այն, ինչ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, քննարկման նյութ չէ:
«Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևէ չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքներից»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ մյուս բոլոր դեպքերում դա կոնֆլիկտի լարվածությունը մեր սահմաններին պահպանելու է, իսկ դա ոչ մեկին լավ տեղ չի հասցնելու:
Ինչպես իր հերթին նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ օրակարգով է գնալու Հայաստանը հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպման, ասաց, որ ցանկացած նախապայման այս բանակցությունների համար կարող են նշանակել գործընթացների սառեցում:
«Մեր պատկերացումները հետևյալն են, որ մենք բոլոր հնարավոր հարթակներում ներկայացնում ենք այս պահանջը, այն ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական: Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո հետ կքաշվի ելման դիրքեր»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Տեղեկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել է: