Բավականին մտահոգիչ իրավիճակ է, հասել ենք 9,9 տոկոս գնաճի մակարդակի, որը Եվրամիության երկրների գնաճին է հավասար: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Բավականին մտահոգիչ իրավիճակ է այն առումով, որ վերջին իրադարձությունները, երբ ռուսական կողմից մոբլիզիացիայի վերաբերյալ նոր հայտարարություններ եղան, նոր մարդկանց հոսք գրանցվեց, որը, բնականաբար, ավելացրեց արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու գանք թիրախի մյուս տարվա ընթացքում»,- ասաց նա:
Անդրադառնալով 2023 թվականի բյուջեին՝ Գալստյանն ասաց, որ նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5,9 տոկոսի և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21,9 տոկոսի:
«Այսպիսով՝ 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք»,- ասաց նա:
Հարցին, թե եթե ՌԴ-ում գործող երեք բանկերն էլ հայտնվեն պատժամիջոցների տակ, արդյոք ունենք այլընտրանքային տարբերակ ապրանքի, ծառայությունների դիմաց փոխանցումներ իրականացնելու համար, Մարտին Գալստյանը պատասխանեց․
«Մենք այդ հարցի վերաբերյալ միշտ քննարկումների մեջ ենք և փորձում ենք այնպես անել, որ իրական գործընկերների համար ֆինանսական հատվածի սահմանափակումների ներքո հնարավորինս զերծ մնանք այդ խնդիրներից»,- ասաց նա:
Այսօր Մարտին Գալստյանը նաև հայտարարել էր՝ ակնկալում են, որ հաջորդ տարվա տնտեսական աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում։