Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվեց
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%: Այս մասին այսօր տեղի ուեհնցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-ասաց նա:
Գնաճը, սակայն, շարունակում է ավելանալ, ԿԲ-ն տարեվերջին 10 տոկոս գնաճի ակնկալիք ունի
ԿԲ նախագահը նշեց, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ կազմելով 9,9 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10, 5 տոկոս:
«Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր: Չնայած առաջարկի արժեշղթաների որոշակի վերականգնմանը, առանձին շուկաներում դրանց խաթարումների հետ կապված ռիսկերը պահպանվում են»,-ասաց նա՝ շեշտելով, որ արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
Նա ընդգծեց, որ եթե ԿԲ-ն գնաճը զսպելու մեխանիզմներ չկիրառեր, Հայաստանում այդ ցուցանիշը 15 տոկոս կլիներ: Մարտին Գալստյանի խոսքով՝ տարվա վերջում 10 տոկոս գնաճ է կանխատեսվում:
2022թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են
«Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը»,-ասաց ԿԲ նախագահը՝ շեշտելով, որ 2022թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են:
Մանրամասները՝ տեսանյութում: